«Իսլամական պետություն» կազմակերպության գրոհայինները ցանցում տեսահոլովակ են տեղադրել, որում նրանք սպառնում են Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին եւ Twitter-ի ստեղծող Ջեք Դորսիին, տեղեկացնում է ամերիկյան համացանցային Vocativ պարբերականը:
Տեսանյութը 25 րոպե է տեւում: Դրանում ցույց է տրվում, թե ինչպես են ջարդվում երկու սոցցանցի օգտատերերի էջերը, ինչպես նաեւ երեւում են Ցուկերբերգի եւ Դորսիի պատկերները` հրազենի գնդակների հետքերով:
Ահաբեկիչները հայտնում են, որ իրենք արդեն ավելի քան 10 հազար անհատական եւ ավելի քան 150 խմբային հաշիվ են ջարդել Facebook-ում, ինչպես նաեւ Twitter-ի մոտ հինգ հազար հաշիվ:
Սպառնալիքներով տեսահոլովակը կարող է իսլամիստների պատասխանը լինել ժողովրդականություն վայելող սոցցանցեր նրանց մուտքի նպատակասլաց սահմանափակմանը, տեղեկացնում է «ՄԻՌ-24»-ը:
«Ամեն օր դուք հայտնում եք մեր հաշիվները վերացնելու մասին: Դա՞ է այն ամենը, ինչի ընդունակ եք» - ասված է հաղորդագրության տեքստում, որը վերնագրված է «Կողմնակիցների կրակ»:





























