Գերմանիայի Բունդեսթագում Կանաչների կուսակցության  առաջնորդ Ջեմ Օզդեմիրի կողմից քննարկման դրված՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը քվեարկության չդրվեց: Բուռն քննարկումներից եւ Օզդեմիրի բոցաշունչ ելույթից հետո, որին ներկա էր ն աեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որոշում կայացվեց բանաձեւը քվեարկության չդնել, այն հետ վերադարձնել հեղինակին՝ վերաձեւակերպելու եւ խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերի հետ համաձայնեցված, միասնական միջխմբակցական բանաձեւի տեսքով ներկայացնելու համար, որը պետք է քվեարկության դրվի մինչեւ ապրիլի 24-ը:

«Ահա այստեղ հավաքվել են բոլոր քրիսոտնեական եկեղեցիների ներկայացուցիչները՝ հայ առաքելական, ասորական, սիրիական: Նրանց բոլորին միավորում է մեկ ցանկություն: Նրանք ցանկանում են, որ 100 տարի անց այստեղ բոլոր խմբակցությունները պատասխանատվություն ստանձնեն եւ ձեւակերպեն երեք կարեւոր կետ. առաջին՝ 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը ցեղասպանություն էր եւ պիտի կոչվի այդպես: Երկրորդ՝ գերմանացիները պետք է ընդունեն իրենց մեղքի բաժինը՝ որպես Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան Թուրքիայի դաշնակիցներ: Երրորդ՝ Գերմանիան պետք է օգնի վերցնել այդ բեռը ցեղասպանությունը վերապրածների ուսերից եւ նպաստի հայ-թուրքական հաշտեցմանը: Եթե համաձայն եք մինչեւ ապրիլի 24-ը ներկայացնել բանաձեւ, որը կներառի այս երեք դրույթները, ես համաձայն եմ հետ կանչել բանաձեւը»,- ասել է Օզդեմիրը: