ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը կարծում է, որ երկրի սահմանները նման են շվեյցարական պանրի հետ, քանի որ բազմաթիվ անցքերով երկիր են ներթափանցում անօրինական միգրանտներ: Այս մասին նա հայտարարել է Հյուսթոնում (Թեքսասի նահանգ) բանավեճերի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով ABC News-ը:

«Առնվազն 11 մլն մարդ է ապօրինի մուտք գործել երկիր»,-նշել է միլիադրատերը ու կրկին խոստացել պատ կառուցել Մեքսիկայի հետ սահմանին:

Միաժամանակ, նախագահի թեկնածուն հստակեցրել է՝ որքան շատ են մեքսիկացիները քննադատում իր գաղափարը, այնքան բարձր է լինելու պատը: «Այն հենց նոր 10 ֆութով բարձրացավ»,-նշել է Թրամփը:

Բացի այդ, գործարարը պահանջել է Մեքսիկայի նախկին նախագահ Վիսենտե Ֆոքսից ներողություն խնդրել, որը անպարկեշտ բառեր էր օգտագործել պատ կառուցելու գաղափարը քննադատելիս: «Ֆոքսը զզվելի բառեր է օգտագործել: Նա պետք է ներողություն խնդրի: Եթե ես նման բառեր ասեի, սկանդալ կլիներ»,-գրել է Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում: