ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօր՝ փետրվարի 26-ին, տեղի ժամանակով 15.00-ին, քվեարկության կդրվի Սիրիայում հրադադարի մասին բանաձեւը, որը ներկայացվել է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողմից: Այս մասին հաղորդում են ՄԱԿ-ի դիվանագետները:

Բանաձեւի նախագծում ընդգծվում է, որ հրադադարը պետք է կրակի երկարատեւ դադարեցմանն ուղղված քայլ դառնա: Նշվում է նաեւ ռազմական գործողությունների շրջաններ մարդասիրական օգնության հասանելիությունն ապահովելու անհրաժեշտության մասին:

Փաստաթղթի տեքստում ընդգծվում է, որ երկրի բոլոր շահագրգիռ կողմերը, առաջին հերթին նրանք, որոնք ներգրավված են սիրիական քաղաքական գործընթացում, պետք է «օգտագործեն իրենց ազդեցությունը համապատասխան կողմի վրա», որոնք, ըստ հրադադարի պայմանների, «պետք է դադարեցնեն թշնամական գործունեությունը»:

Սպասվում է, որ քվեարկությունից առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների առջեւ ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան, որը կզեկուցի իրավիճակի մասին:

Դիվանագետները տեղեկացրել են, որ ՄԱԿ-ի ԱԽ անդամները պետք է տեղի ժամանակով 11.00-ին իրենց առաջարկները ներկայացնեն բանաձեւի վերաբերյալ: