Պետք չէ գերագնահատել Սիրիայում հրադադարի համաձայնագիրը, որը ձեռք է բերվել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

Նրա խոսքով, նախատեսվում է, որ հրադադարը կհաստատվի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերի եւ այն ուժերի միջեւ, որոնք հանդես չեն գալիս որպես ահաբեկչական խմբավորումներ:

Մարկարովը հիշեցրել է, որ ահաբեկչական են համարվել «Իսլամական պետությունը» եւ «Դեբհաթ ան-Նուսրան», որը ասոցացվում է «Ալ Կաիդայի» հետ: «Մյուս կողմից, պետք է հասկանալ, որ ձեռքբերված համաձայնագիրն առաջին քայլն է ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Սակայն իրավիճակն այնպիսին է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն դեռեւս տարբեր մոտեցումներ ունեն Սիրիայում հակամարտության կարգավորման հարցում»,-հավելել է Ալեքսանդր Մարկարովը:

Հիշեցնենք, որ հրադադարը պետք է ուժի մեջ մտնի փետրվարի 27-ին, Երեւանի ժամանակով 02.00-ին: