Բնակչության ծերացումը շարունակում է մնալ Գերմանիայի տնտեսության հիմնական խնդիրը, եւ փախստականների մեծ հոսքը, որոնք կարող էին մեղմացնել երկրում աշխատուժի կրճատման միտումը, չի փոխհատուցում մինչեւ 2060 թվականն աշխատունակ տարիքի աշխատուժի՝ շուրջ 30%-ով կանխատեսվող կրճատումը: Այս մասին ասված է Եվրոպական կիսամյակի շրջանակում Գերմանիայի մասին Եվրահանձնաժողովի հաշվետվությունում:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, հաշվետվության հեղինակները նշում են, որ Գերմանիա փախստականների հոսքը, որոնց թիվն անցյալ տարի կազմել է շուրջ 1.1 մլն մարդ, կարող է օգնել մեղմացնել այդ միտումը, երբ ժամանողներին հաջողվի աշխաշուկա մտնել: Սակայն նույնիսկ դա բավարար չի լինի՝ «փոխհատուցելու համար մինչեւ 2060 թվականն աշխատունակ տարիքի աշխատուժի՝ շուրջ 30%-ով կանխատեսվող կրճատումը եւ դրա հետ կապված պոտենցիալ աճի համար բացասական հետեւանքները»:

Այդպիսի զարգացումը, ըստ հաշվետվության, «փոխհատուցման լրացուցիչ միջոցներ կպահանջի, որպեսզի բարելավվի սոցիալական ապահովության համակարգի երկարաժամկետ կայունությունը եւ ամբողջությամբ օգտագործվի գոյություն ունեցող աշխատուժի պոտենցիալը»: