79-ամյա Ֆրենկ Ֆրեշուոթերսը, որը հայտնի է «Շոուշենկի փախստական» անունով, վաղաժամ պայմանական ազատ արձակման իրավունք է ստացել: Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով The Guardian-ի հրապարակումը:

Ֆրեշուոթերսը, որը 56 տարի թաքնվում էր արդարադատությունից, ձերբակալվել է 2015 թվականի մայիսին: Իսկ 2016-ի գարնանը նա կրկին ազատության մեջ կհայտնվի: Նրա որդին մտադիր է հորն իր մոտ տանել՝ Արեւմտյան Վիրջինիա:

«Շոուշենկի փախստականը» Օհայոյի բանտում է հայտնվել 1959 թվականին՝ սպանության գործով վաղաժամ ազատ արձակման պայմանները խախտելու համար: Նա երկու տարի անազատության մեջ է եղել, այնուհետեւ փախել Մենսֆիլդի բանտից, որտեղ 1994 թվականին Սթիվեն Քինգի վեպի հիման վրա նկարահանվել է «Փախուստ Շոուշենկից» հայտնի ֆիլմը:

Ֆրեշուոթերսը գրեթե ամբողջ կյանքում թաքնվել է, ապրել կեղծ անվան տակ: 1975 թվականին նրան ձերբակալել են Արեւմտյան Վիրջինիայում, սակայն սենատորը հրաժարվել է նրան բանտ ուղարկել՝ նշելով, որ տղամարդը վերջին 16 տարիներին նահանգի օրինակելի բնակիչ է եղել:

Արդյունքում փախստականին ձերբակալել են Ֆլորիդայում՝ ավարտին հասցնելով ԱՄՆ-ում հանցագործի ամենաերկարատեւ հետապնդումը: