Բոլիվիայի իշխանությունները մտադիր են ստուգել հայտարարությունը, որի համաձայն Էվո Մորալեսի եւ նրա նախկին քաղաքացիական կին Գաբրիելա Սապատայի երեխան չի մահացել, ինչպես ավելի վաղ ասել էր Մորալեսը: Այս մասին հայտարարել է Բոլիվիայի իշխանության մարմինների թափանցիկության եւ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերի նախարար Մեննի Վալդիվիան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եթե երեխան իսկապես ողջ է, մենք պահանջում ենք 24 ժամվա ընթացքում նրան ներկայացնել անչափահասների հարցերով զբաղվող ցանկացած դատավորի»,-ասել է նա «Վոլիվիա TV» հեռուստաընկերության եթերում, միաժամանակ ընդգծելով, որ նախագահը չի խաբել Բոլիվիայի ժողովրդին, քանի որ վստահ է եղել, որ փոքրիկը մահացել է:

Այս ամսվա սկզբին Մորալեսը խոստովանել է, որ 2005-2007 թվականներին մտերմիկ հարաբերություններ է ունեցել Սապատայի հետ եւ իրենք երեխա են ունեցել, որը մահացել է:

Փետրվարի 27-ին նախագահի նախկին քաղաքացիական կինը հանդես է եկել հայտարարությամբ, որ երեխան ողջ է: Այս հայտարարությունն արվել է Սապատայի կալանավորումից հետո, որը կասկածվում է ապօրինի հարստացման եւ «ազդեցության չարաշահման» մեջ: