Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը 75 մլրդ դոլար կարողությամբ հերթական անգամ աշխարհի ամենահարուստ մարդն է ճանաչվել՝ գլխավորելով ամերիկյան Forbes ամսագրի վարկածով միլիարդատերերի գլոբալ վարկանիշը:

Ըստ ՏԱՍՍ-ի, մեկ տարվա ընթացքում 60-ամյա Գեյթսի կարողությունը կրճատվել է 4.2 մլրդ դոլարով, ինչը նրան չի խանգարել երրորդ անգամ անընդմեջ գլխավորել միլիարդատերերի վարկանիշը: Վերջին 22 տարիներին Գեյթսն ամենահարուստ մարդ է ճանաչվել 17 անգամ:

Վարկանիշի երկրորդ հորիզոնականում 79-ամյա իսպանացի միլիարդատեր Ամանսիո Օրտեգան է՝ Inditex ընկերության հիմնադիրը (Zara, Massimo Dutti հագուստի ապրանքանիշեր): Մեկ տարվա ընթացքում նրա կարողությունն ավելացել է 0.5 մլրդ դոլարով՝ հասնելով 64.5 մլրդ-ի:

Ամենահարուստ մարդկանց եռյակը կրկին եզրափակել է 85-ամյա ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթը: Անցյալ տարին այնքան էլ հաջող չի եղել Berkshire Hathaway ներդրումային կայսրության ղեկավարի համար. նրա կարողությունը կրճատվել է 11.9 մլրդ դոլարով՝ կազմելով 60.8 մլրդ: