Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի եւ Հյուսիս-Արեւելյան համալսարանի գիտնականները, նորվեգացի գործընկերների հետ միասին պարզել են, որ կետերը սովորաբար որս են անում լավ կազմակերպված խմբերով:
2006-ին գիտնականների խումբը ձայնային ալիքները որսալու միջոցով հետեւել է ծովատառեխի միլիարդավոր վտառների պահվածքին` օվկիանոսն օգտագործելով որպես հսկայական ռադիոհաղորդափող: Հետո 10 տարվա ընթացքում ամեն աշուն գիտնականները շուրջօրյա հետեւել են կետերի ձայնային ազդանշաններին, որոնք լողում էին ծովատառեխի աշխուժություն նկատելով: Հետազոտությունն իրականացվում էր 100 հազար քկմ մակերեսով տարածքում` Հյուսիսային Ատլանտիկայում Մասաչուսեթս նահանգի Քեյփ-Կոդ ափի մոտ, հայտնում է Gazeta-ն:
Գիտնականները քարտեզագրել են կետերին բնորոշ ձայնային ազդանշանները եւ հայտնաբերել են, որ կետերի տարբեր տեսակներ տառեխի հսկայական վտառների մեջ առանձին խմբեր են ձեւավորում: Կետերի ամեն տեսակ հատուկ ձայներ է արձակում. սապատավոր կետերը «երգում են», մյուս կետերն ատամներն են կրճտացնում, եւ այդ հնչյունները թռչունների գեղգեղանքի են նման: Ֆինվալների արտաբերած հնչյունները բաս-կիթառի դիապազոնում են: Գիշերը կետաձկների կանչերն ուժեղանում էին. հենց այդ ժամանակ են ծովատառեխները խիտ վտառներ ձեւավորում (ցերեկը ծովատառեխը թաքնվում է):
«Կետաձկները շրջապատում են ծովատառեխին, հետո նրանցից մեկը պղպջակ է բաց թողնում, որը կարող է կանգնեցնել ձկների խմբին, մյուսը գոռում է, վախեցնում է ձկներին, որպեսզի նրանք խտացնեն իրենց շարքերը, – ասում է պրոֆեսոր Պուրնամա Ռատիլալը: Հետո երրորդ կետաձուկն ազդանշան է տալիս, եւ նրանք բոլորը, երախները բացած, նետվում են ձկների վրա»:
Որսի ընթացքում կետերի խմբավորման պատճառն առայժմ հայտնի չէ: Հնարավոր է, որ կետերի տարբեր տեսակներ իրար մեջ բաժանում են տարածքը կամ էլ նրանք սննդի որոնման տարբեր մեխանիզմներ ունեն: Ձայնային ալիքները որսալու միջոցով օվկիանոսի հեռակա զոնդավորման տեխնոլոգիան կարող է կիրառվել նաեւ այլ հետազոտություններում:





























