Կենսաբանները պարզել են, որ Pantala flavescens տեսակի ճպուռները ամենաերկար տարածությունն անցնող միջատներն են: Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLoS ONE ամսագրում:

Գիտնականները սա պարզել են միջատների գենետիկ հետազոտության արդյունքում: Կանադայում, Ճապոնիայում, Կորեայում, Հնդկաստանում եւ Հարավային Ամերիկայում բնակվող այս միջատների պոպուլյացիաները գենետիկ այնպիսի նմանություն ունեն, որ մասնագետները սա կարողացել են բացատրել միայն այսպես. այդ պոպուլյացիաների ներկայացուցիչները խաչասերվում են միմյանց հետ:

Ըստ Gazeta-ի, Pantala flavescens ճպուռների հետագա հետազոտությունը ցույց է տվել, որ նրանք իսկապես կարող են հսկայական տարածություն անցնել: Այդ հարցում միջատների այս տեսակին օգնում է թեւերի կառուցվածքը. դրանք մեծ մակերես ունեն, այդ պատճառով միջատները ժամանակի մեծ մասը թռչում է օդային հոսանքների օգնությամբ՝ լրացուցիչ էներգիա չծախսելով: