Ստամբուլում մարտի 3-ի գիշերը տարբեր վայրերում անհայտ անձիք զինված հարձակում են իրականացրել ոստիկանների վրա։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ մարտի 3-ի երեկոյան առաջին հարձակումը տեղի է ունեցել Ստամբուլից դեպի Էդիռնե շարժվող դատապարտյալների մեքենային ուղեկցող ոստիկանական մեքենայի դեմ։ Կրակահերթերից թեթեւակի վնասվել է ոստիկանական մեքենան։
Ստամբուլի Օքմեյդանի հրապարակում պարեկություն իրականացնող զրահապատ մեքենայի ուղղությամբ սպիտակ մարդատար մեքենայից կրակահերթ են արձակել։ Զինված անձիք իջել են մեքենայից ու թաքնվել մոտակայքում։ Ոստիկանները նրանց չեն կարողացել գտնել։
Ստամբուլի Քաղըթհանեի շրջանում պարեկություն անող ոստիկանական մեքենայի դեմ անհայտ զինված անձիք կրակ են բացել ու արագ հեռացել։
Ստամբուլի Սարըյեր թաղամասում գտնվող ոստիկանական ակադեմիայի ուղղությամբ անհայտ անձիք կրակահերթ են արձակել ու արագ հեռացել դեպքի վայրից։
Ստամբուլի Լեւենթի շրջանում համալսարաններից մեկի ռեկտորատի մեքենան, որի վրա կապույտ գծեր են եղել, կրկին զինված հարձակման է ենթարկվել։ Ոստիկանները շեշտել են, թե անհայտ անձիք այս մեքենան ոստիկանական մեքենայի են նմանացրել, որի համար կրակել են մեքենայի ուղղությամբ։
Հարձակումների հետեւանքով որեւէ զոհ չի եղել։



























