Եվրասիական տնտեսական հանձնաժողովում կայացել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի ու Ամերիկա- ռուսական բիզնես խորհրդի ( ԱՌԲԽ) նախագահ Դենիել Ռասսելի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՏՀ ու ԱՌԲԽ համագործակցության հեռանկարները:
Ինչպես NEWS.am–ին հայտնել են ԵՏՀ մամուլի ծառայությունից, ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հանձնաժողովը շահագրգռված է համակարգային երկխոսություն զարգացնել բիզնես ասոցացիաների՝ այդ թվում Ամերիկա- ռուսական բիզնես խորհրդի հետ: ԵՏՀ Կոլեգիայի նախագահի խոսքով Հանձնաժողովի գործունեությունը բացառապես տնտեսկան նպատակներ է հետապնդում ու ուղղված է կանոնակարգիչ համակարգերի կատարելագործմանը, վարչական խոչընդոտների նվազեցմանը՝ ԵՏՄ երկրների տնտեսությունների արդյունավետ զարգացման համար: ԵՏՄ-ն էլ իր հերթին տնտեսական նախագիծ է, որն առաջնորդվում է բիզնես օրակարգով:
«ԵՏՀ-ն համակարգային երկխոսության մեջ է ազգային բիզնես համայնքների հետ, քանի որ հենց բիզնեսն է եվրասիական տնտեսական ինտեգրման հիմնական շահառուն»,- նշել է Տիգրան Սարգսյանը եւ հավելել, որ Հանձնաժողովը ապահովում է որոշումների կայացման թափանցիկությունը: Դրա համար էլ ԵՏՀ ընդունած բոլոր կանոնակարգիչ ակտերը քննարկվում են բիզնեսի մակարդակում:
Ընդ որում հիմնական գործընկերների ու նոր աճող շուկաների հետ առեւտրատնտեսական կապերի ընդլայնումը պետք է խթան դառնա արտաքին ուղեծրում ԵՏՄ դերակատարման բարձրացման համար՝ շեշտել է Տիգրան Սարգսյանը:
ԱՌԲԽ նախագահ Դենիել Ռասելն էլ նշել է, որ ԵՏՄ-ն ժամանակակից ու բիզնեսի համար գրավիչ միջազգային նախագիծ է: Նա շեշտել է, որ իր ներկայացրած կազմակերպությունը բաց է ԵՏՀ –ի հետ երկխոսության համար եւ հիշեցրել, որ այդ համագործակցությունն արդեն մի քանի տարի է հաջող զարգանում է: Նրա խոսքով չնայած Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ռեժիմի ժամկետի երկարացմանը, ամերիկյան ու եվրոպական ընկերությունները շարունակում են արդյունավետ աշխատել ԵՏՄ երկրների շուկայում: ԱՌԲԽ ղեկավարը հույս է հայտնել, որ բիզնես երկխոսությանը կհաջորդի ԱՄՆ ու ԵՏՄ երկրների միջեւ հարաբերությունների ջերմացումը:
Հանդիպման մասնակիցները կարեւորել են ոչ միայն խոշոր, այլեւ միջին ու փոքր բիզնեսի մակարդակով համագործակցության անհրաժեշտությունը: Կողմերը պայմանավորվել են շարունակել գործնական շփումները ու համագործակցության ամենագործնական ոլորտներից մեկն են համարել երկխոսությունը տեխնիկական կանոնակարգման ոլորտում:





























