Ստամբուլում տնօրենների խորհուրդը հեռացրել է աշխատանքից ընդդիմադիր Zaman թերթի գլխավոր խմբագիր Աբդուլհամիդ Բիլիջիին այն բանից հետո, երբ կառավարությունը գրավել էր շենքը: Ոստիկանությունը թույլ չի տալիս աշխատակիցներին մտնել խմբագրության շենք, իսկ համացանցից էլ ջնջվում է ողջ վեբ կոնտենտը, հայտնում է LifeNews-ը:
Ինչպես հայտնում է Gazeta-ն, վկայակոչելով Associated Press-ը, ոստիկանները պատնեշներ են բարձրացրել Ստամբուլում Zaman-ի խմբագրության մոտ:
Թուրքիայի ոստիկանությունը թույլ չի տալիս ընդդիմադիր Zaman թերթի աշխատակիցներին մտնել խմբագրության շենք, սպասվում է, որ նման գրոհի կենթարկվի նաեւ Անկարայում Zaman-ի գրասենյակը, ասել է թերթի լրագրող Էմրե Սոնջանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Լրագրողը հայտնել է անեւ, որ դատարանի որոշումն անօրինական է, եւ ինքը չի ենթարկվում դրան:
Ստամբուլի դատարանը մարտի սկզբին Zaman թերթի կառավարման համար հոգաբարձուների խորհուրդ էր նշանակել: Թերթի լրագրողները կարծում են, որ դրա հետեւանքով թերթը կփակվի: Zaman-ը Թուրքիայում մնացած փոքրաքանակ ընդդիմադիր լրատվամիջոցներից մեկն է:
Ոստիկանությունը մարտի 5-ի գիշերը ջրցան մեքենաներով եւ արցունքաբեր գազով ցրել էր խմբագրության մոտ տարերային ցույցը, որին մասնակցում էին Zaman-ի հարյուրավոր ընթերցողներ: Դրանից հետո ոստիկանները մտել էին խմբագրության շենք եւ դուրս հանել բոլոր աշխատակիցներին:



























