Թուրքիայում սովորական պատկեր է. ջրցան մեքենաներն՝ ընդդեմ մամուլի ազատության։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՌԴ Արտգործնախարարության՝ մարդու իրավունքների հարցերով լիազոր ներկայացուցիչ Կոնստանտին Դոլգովը՝ քննադատելով Zaman թերթի դեմ Թուրքիայի իշխանությունների գործողությունները։

«Անկարայի  հասցեին քննադատություն կհնչի՞ արդյոք Թուրքիա-ԵՄ գագաթնաժողովում, թե առաջնային կլինի կոնյուկտուրան»,- հարցադրում է արել Դոլգովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի  ոստիկանությունը մարտի 5-ի գիշերը ջրցան մեքենաներով եւ արցունքաբեր գազով ցրել էր խմբագրության  մոտ տարերային ցույցը, որին մասնակցում էին Zaman-ի հարյուրավոր ընթերցողներ՝ ի նշան Ստամբուլի դատարանի որոշման, որի համաձայն՝ Zaman թերթի կառավարման համար հոգաբարձուների խորհուրդ էր նշանակվել: Թերթի լրագրողները կարծում են, որ դրա հետեւանքով թերթը կփակվի: Ոստիկանները մտել էին խմբագրության շենք եւ դուրս հանել բոլոր աշխատակիցներին: