Բորժոմիում ձերբակալել են Վրաստանի Եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրման հարցերի նախկին պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլիի դեմ հարձակման մեջ մեղադրվող Լեւան Մ.-ին: Այս մասին հաղորդել է երկրի ՆԳՆ-ն:
Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը հանցակցի հետ փետրվարի 26-ին Թբիլիսիի Սաբուրթալո շրջանի եղբայրական գերեզմանոցում հարձակվել է Ալեքսի Պետրիաշվիլու վրա: Հարձակվողները նախ մուրճով հարվածել են Պետրիաշվիլու գլխին, այնուհետեւ հրազենից վնասվածք հասցրել, իսկ հետո մի քանի անգամ փայտով հարվածել ու դիմել են փախուստի: Հանցագործության վայրի մերձակայքում հայտնաբերել են մուրճը եւ մեղադրյալի գլխարկը:
ԴՆԹ անալիզի արդյունքում պարզել են հարձակվողի ինքնությունը: Մուրճի վրա եղած արյան ԴՆԹ-ի հիման վրա պարզվել է, որ այն պատկանում է Ալեքսի Պետրիաշվիլուն:
Ըստ Գրուզիա Online-ի, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկվում՝ հանցագործության երկրորդ մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ:





























