Սեպտեմբերի 20-ին անկախության օրը նշվել է Չինաստանում ՀՀ դեսպանությունում, որն այս անգամ առանձնահատուկ է եղել տոնական ընդունելությանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների մասնակցությամբ։ Հիշեցնենք, որ վերջինիս կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը, կառավարության եւ նախարարությունների աշխատակազմերի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մինչեւ տոնական միջոցառման սկիզբը ՀՀ վարչապետը ծանոթացել է Հայաստանի դեսպանության գործունեությանն ու աշխատանքային պայմաններին:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել Չինաստանի ԱԳ փոխնախարար Վան Գուան Գիայի հետ։ Տ. Սարգսյանն ընդգծել Է, որ Հայաստանը միջազգային ասպարեզում եւ կառույցներում պաշտպանում Է Չինաստանի մեկ պետություն սկզբունքը` միաժամանակ գոհունակություն հայտնելով մեր տարածաշրջանում Չինաստանի որդեգրած հավասարակշռված քաղաքականության համար։ ՀՀ վարչապետը մատնանշել է այն մեծ ներուժը, որ առկա Է տնտեսական ոլորտում փոխգործակցության խորացման համար։ Մատնանշելով «Շանսի-Նաիրիտ սինթետիկ կաուչուկների» համատեղ ձեռնարկության հաջողված փորձը` Տիգրան Սարգսյանը կարեւորել է նոր համատեղ ձեռնարկների իրականացումը։ Մասնավորապես առանձնացվել են բազալտի վերամշակման, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլոտները,  ինքնաթիռային ուղիղ չվերթի իրականացման նպատակահարմարությունը։

Վան Գուան Գիան իր երախտագիտությունն է հայտնել Չինաստանի խնդիրների շուրջ Հայաստանի ունեցած դիրքորոշման, միջազգային կազմակերպություններում ցուցաբերած աջակցության համար։ Նա վստահեցրել է, որ հետագայում եւս կշարունակվի Հայաստանին տրվող տեխնիկական աջակցությունը։

Հանդիպման մասնակիցները երկուստեք կարեւորել են հայ-չինական համատեղ հանձնաժողովի գործունեությունը, նշելով, որ մոտակա ամիսների ընթացքում պետք է գումարվի նրա հաջորդ նիստը։

ՀՀ վարչապետը անդրադարձել է Հայաստանում հնարավոր այն ներդրումային ծրագրերին,  որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել Չնաստանի համար։ Նա չինական կողմին է փոխանցել փաթեթ, որտեղ ներառված են ներկայումս երկկողմ հետաքրքրություն ներկայացնող գործակցության կոնկրետ նախագծեր։ 

Սեպտեմբերի 20-ի առավոտյան հայկական պատվիրակությունը ճանաչողական այց Է կատարել Պեկինի «Փակ քաղաք» պալատական թանգարան, ծանոթացել շուրջ հինգ հարյուր տարի կայսրերի կեցավայր, ինչպես նաեւ Չինաստանի արարողակարգային եւ քաղաքական կենտրոն հանդիսացած այս համալիրին։

Այսօր երեկոյան, նախատեսված է ՀՀ վարչապետի հանդիպումը ՉԺՀ առաջին փոխվարչապետ, Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղաքական բյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ  Լի Կեցյանի հետ։

Ուշ երեկոյան ՀՀ վարչապետն ու նրա  գլխավորած պատվիրակությունը Պեկինից կմեկնեն Շանհայ, որտեղ սեպտեմբերի 21-ին «Շանհայ Էքսպո» կենտրոնում կմասնակցեն Ազգային օրվա միջոցառմանը, կունենան մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Շանհայի քաղաքապետ Հան Ժենեինի հետ։