Լենինգրադը վերակառուցեցին պատերազմից հետո, նշանակում է՝ կարելի է վերականգնել նաեւ Պալմիրան: Այս մասին բրիտանական «The Art Newspaper»-ին տված հարցազրույցում հայտարարել է պետերբուրգյան Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին:
Արաբական մշակույթի փորձագետ Պիոտրովսկին առաջին անգամ Պալմիրայում եղել է 1970-ականներին: Ամբողջ աշխարհի թանգարանները սպասում են այն օրվան, երբ հնարավոր կլինի վերականգնել Պալմիրան: Էրմիտաժն աշխատում է գործընկերների հետ՝ հավաքելով լուսանկարներ եւ արխիվային փաստաթղթեր, որոնցում հնագույն քաղաքի պատկերներն են հնարավոր բոլոր կետերից:
Պիոտրովսկու արշավը չի սահմափակվում միայն Պալմիրայով: Նա խոսել է նաեւ Աֆղանստանի, Իրաքի, Մալիի եւ Եմենի մշակութային ժառանգության մասին: Այսօր համաշխարհային մշակույթը վտանգված է:
Էրմիտաժը ծրագրում է Եմենի օր անցկացնել՝ թեմատիկ ցուցահանդեսներով եւ դասախոսություններով, որպեսզի հանրությունն իմանա Սաուդյան Արաբիայի դաշնակիցների կողմից ոչնչացված հուշարձանների մասին: Ակցիային մասնակցելու են 15 այլ թանգարաններ, այդ թվում՝ Լուվրը, Բրիտանական թանգարանը եւ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը:
Իսկ ապրիլին թանգարանում կբացվի Սիրիայի մասին ռուսաստանցի լուսանկարիչ Ալեքսանդր Դիմնիկովի ցուցահանդեսը:
Պիոտրովսկին կարծում է, որ Պալմիրան հնարավոր էր փրկել: «Անապատով շարժվող մեքենաները գնդակոծելը դժվար բան չէր: Բայց ոչ ոք չռմբակոծեց: Իսկ ամերիկացիները, իհարկե, չէին ցանկանում, քանի որ այն վերահսկում էր Ասադը»,- ասել է գիտնականը:
Դեռեւս XVIII դարից Պետերուրգը Հյուսիսային Պալմիրա են կոչում: Երկու քաղաքներն էլ վեր են հառնել այնտեղ, որտեղ սովորաբար քաղաքներ չեն կառուցվում (Պետերբուրգը՝ ճահիճների վրա, Պալմիրան՝ անապատում): Եվ Երկրորդ աշխարհամարտից հետո Պետերբուրգի պալատների վերականգնումը Պիոտրովսկուն հույս է ներշնչում, հնարավոր է վերականգնել նաեւ Պալմիրան:




























