Միգրացիոն ճգնաժամի շարունակմանը զուգահեռ Շենգենյան գոտու ներքին սահմաններին սկսել են կողպեքներ հայտնվել: Սահմանային վերահսկողության ժամանակագրությունը՝ 2015 թվականի կեսերից մինչեւ 2016-ի փետրվար, ներկայացրել է ֆրանսիական «Figaro»-ն:
Հունիս. Ֆրանսիան սահմանային վերահսկողություն է սահմանում իտալական սահմանին (հատկապես՝ Լազուրե ափին): Հունգարիան փակում է Սերբիայի հետ սահմանը: Փշալարերի պատի շինարարություն է սկսվում: Էստոնիան սկսել է Ռուսաստանի հետ սահմանին արգելապատնեշ կառուցել (չնայած այս սահմանով Մերձավոր Արեւելքից միգրանտների հոսք չկա - խմբ.):
Սեպտեմբեր. Իտալիան կիրառում է սահմանային վերահսկողությունն ուժեղացնելու՝ Ավստրիայի պահանջը: Գերմանիան որոշում է ընդունում ուժեղացնել սահմանային վերահսկողությունն Ավստրիայի եւ Չեխիայի հետ: Մի քանի ժամ անց Չեխիան ինքն է հայտարարում Ավստրիայի հետ սահմանին վերահսկողություն հաստատելու մասին: Հաջորդ օրն Ավստրիան հայտարարում է հունգարական սահմանին վերահսկողություն հաստատելու մասին: Նույնպիսի միջոցառումներ է ձեռնարկում նաեւ Սլովակիան՝ Ավստրիայի եւ Հունգարիայի հետ սահմաններին:
Հոկտեմբեր. Հունգարիան փակում է Խորվաթիայի հետ սահմանին միգրանտների հոսքի կետերը եւ փշալարերի արգելապատնեշ կառուցում:
Նոյեմբեր. Սլովենիան որոշում է Խորվաթիայի հետ սահմանին փշալարերի արգելապատնեշ կառուցել: Ֆրանսիան սահմանային վերահսկողություն է սահմանում Փարիզի ահաբեկչություններից հետո:
Հունվար. Շվեդիան սկսում է Դանիայի հետ սահմանակից Էրեսուննում անձը հաստատող փաստաթուղթ պահանջել: Այս կարգը վերացվել էր դեռեւս 1950-ականներին: Իսկ Դանիան նույնպիսի վերահսկողություն է սահմանում Գերմանիայի հետ սահմանին: Նորվեգիան փակում է միգրանտների հյուսիսային ուղին եւ մի քանի հազար մարդու հետ՝ դեպի Ռուսաստան ուղարկում:
Փետրվար. Կալեի փախստականների ճամբարը կարող է մոտ ապագայում քանդվել: Ամեն դեպքում, բելգիական իշխանությունները որոշում են ժամանակավորապես ոստիկանական վերահսկողություն սահմանել Ֆրանսիայի հետ սահմաններին:






























