Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի լճափնյա հատվածում մարտի 7-ին, կորած 39-ամյա Ա.Հ.-ն ունի մտավոր խնդիրներ, այդ օրը գնացել է պահակակետում աշխատող իր եղբորը տեսակցության: Այս մասին այսօր՝ մարտի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը:

Նրա խոսքով, կորած տղամարդը Նորատուսից չէ, նա հարեւան գյուղերից մեկից եկել է մոտորանավակների պահակակետում աշխատող իր եղբոր մոտ:

«Քանի որ մեր գյուղից չէ, շատ ինֆորմացիա չգիտեմ, միայն խոսում են, որ մտավոր խնդիրներ ունի, պահակ եղբոր մոտ է եկել ու կորել է: Հիմա փնտրում են»,-ասաց նա:

Ավելի վաղ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել էր, որ մարտի 7-ին, ժամը 19.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի լճափնյա հատվածում՝ մոտորանավակների պահակակետից ժամը 16.00-ի սահմանում Ա. Հ.-ը դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել: