Անհատ ձեռնարկատեր Արարատ Շ.-ն հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարության Վանաձորի տարածքային հարկային տեսչության հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ Արարատ Շ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ֆինանսների նախարարության Վանաձորի տարածքային հարկային տեսչության աշխատակիցները ստուգում են կատարել իրեն պատկանող ձեռնարկությունում եւ կազմել են ստուգման ակտ, սակայն հետագայում պարզել է, որ հիշյալ ակտում իր անվան դիմաց դրված ստորագրությունը կեղծված է:
Անհատ ձեռնարկատեր Արարատ Շ.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ ֆինանսների նախարարության Վանաձորի տարածքային հարկային տեսչության հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:




























