Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու մեջ մեղադրվող ակտիվիստ Վարդգես Գասպարիի պաշտպան Տիգրան Եգորյանը կդիմի արդարադատության խորհուրդին՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատավոր Նելլի Բաղդասարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: Այսօր՝ մարտի 9-ին, դատական նիստի ժամանակ դահլիճը լքելուց հետո պաշտպանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն հայտարարություններ անելու համար սահմանափակ ժամանակ տրամադրելով դատարանը օրենքի խախտում է թույլ տվել:
«Մեր բոլոր իրավունքների իրացումը սահմանափակել է, ինչի իրավունքը չուներ: Սա դավաորի, իրավաբանի պահվածք չի: Սա ինչ-որ սանձարձակ, քմահաճ, օրենքին չառնչվող կնոջ պահվածք է, որը տեղ չունի դատական համակագում: Նրան այնպես պետք է հեռացնեն դատական համակարգից, որ դա համադրելի լինի դուրս չպրտել բառակապակցության հետ»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ այսօր դատական նիստն անցավ թեժ մթնոլորտում: Գասպարին հերթական անգամ ի նշան բողոքի պառկեց դատական նիստերի դահլիճում, դատավորը որոշեց դատական սանկցիա կիրառել ու Գասպարիին վեց ժամով հեռացնել նիստերի դահլիճից:
Դատավոր Նելլի Բաղդասարյանը 5 րոպե ժամանակ տվեց փաստաբանին՝ առարկությունները ներկայացնելու համար: Փաստաբանը 5 րոպեից ավելի խոսեց, դատավորը դրանից հետո պարբերաբար ընդհատում էր նրան, թույլ չտվեց առարկություններն ավարտել: Դատավորն ու փաստաբանը վիճաբանեցին, դատավորը սանկցիաներ կիրառեց նրա նկատմամբ, որոշեց դիմել փաստաբանների պալատ՝ Տիգրան Եգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:
Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին փետրվարի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է, ապա փետրվարի 26-ին Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ` ազատ է արձակվել:
Նա մեղադրվում է վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող ոստիկանության ներկայացուցիչների եւ դատական նիստը նախագահող դատավորի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ:





























