Հանրապետական համամասնական ցուցակը որեւէ քվեաթերթիկում չի նշվելու։ Խորհրդարանական ընտրություններում քվեաթերթիկներում ընդգրկվելու են տվյալ տարածքից առաջադրված թեկնածուների ցուցակները։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին տված հարցազրույցում հայտնել է Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով այն հարցին, արդյոք գալիք խորհրդարանական ընտրություններում առաջին անգամ թե համահանրապետական, թե մարզային համամասնական ցուցակների գործածումը խառնաշփոթ չի առաջացնի։
Նրա խոսքով, ըստ Ընտրական օրենսգրքի նոր նախագծի՝ ընտրողը կկարողանա ընտրել կամ կուսակցությունը՝ ձայն չտալով թեկնածուներից ոչ մեկին, կամ էլ ձայնը տալ կոնկրետ կուսակցության կոնկրետ թեկնածուին։ Այնպես որ ընտրողների շրջանում խառնաշփոթ դժվար թե առաջանա, առավել եւս որ այս մոդելը բավականին հայտնի է։ «Պետք է շեշտել, որ մեր քվեարկությունը վարկանիշային չէ։ Այն կոչվում է
քվեարկություն բաց ցուցակներով։ Ցավոք, սխալ տերմինի գործածումը առիթ է տալիս շահարկել այն թեզիսը, որ Եվրոպայում վարկանիշային քվեարկությունը պոպուլյար չէ։ Այդպես էլ կա, բայց մեր քվեարկությունը բաց ցուցակներով քվեարկություն է։ Իսկ նման համակարգը միայն Եվրոպայում ավելի քան երկու տասնյակ երկրներում կիրառվում է։ Բավականաչափ օրինակներ կան, որպեսզի հասկանանք, որ ոչ մի նոր բան այստեղ նախատեսված չէ՝ դա իրոք քվեարկության հայտնի ու պոպուլյար մեխանիզմ է»,- ասել է Հարությունյանը։
Ինչպես պարզաբանել է Կառավարության աշխատակազմի ղեկավարը, նշված երկու համակարգերը սկզբունքայնորեն տարբերվում են, քանի որ երբ խոսքը վարկանիշի մասին է, մարդը, որպես կանոն, ունի ոչ թե պարզապես մեկ ձայն, այլ վարկանիշը որոշելու հնարավորություն, այլ կերպ ասած՝ նա կարող է նախապատվությունը այն թեկնածուներին տալ, որոնք պետք է մասնակցեն մանդատների բաշխմանը։ Այսինքն ընտրողը, օրինակ, այսպես է քվեարկում՝ առաջին տեղում նա կցանկանար տեսնել «Բ» թեկնածուին ., երկրորդում՝ «Ե»-ին, երրորդում՝ «Դ»-ին եւ այլն։ «Իսկ նոր Ընտրական օրենսգրքի նախագծում մենք խոսում ենք համամասնական համակարգով ընտրությունների մասին՝ բաց ցուցակների հիման վրա»,- ամփոփել է Դավիթ Հարությունյանը։




























