Եթե Մհեր Սեդրակյանը չի  ցանկանում պատասխանել լրագրողի հարցին, ուրեմն պետք չէ հրահրել։ Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Էթիկայի հանձնաժողովի անդամ Սուքիաս Ավետիսյանն՝ անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր)  լրագրողին հայհոյելու վարքագծին։

«Պատգամավոր կա  չի ուզում  պատասխանել, պատգամավոր կա սիրով պատասխանում է։ Ցանկացած պարագայում պետք է պատգամավորի եւ լրագրողի հարաբերությունները փոխադարձ  լինեն»,-ասաց Սուքիաս Ավետիսյանը։

«Ես որեւէ մեկին չեմ արդարացնում, բայց էլի եմ ասում, եթե մարդը ցանկություն չունի պատասխանի, պետք չի հրահրել: Դուք ստիպում եք, որ ինչ-որ բան ասի, դա սիրուն չէ»,-ասաց նա։

 Ի դեպ, Սուքիաս Ավետիսյանն ասաց, որ դեռ չի էլ տեսել տեսանյութը։

«Երբ որ դիմումը սկսենք քննարկել, կտեսնենք՝ հայհոյանք կա թե չէ։ Դիմումը ընդունել-չընդունելը կապ չունի՝ տեսանյութում ինչ կա չկա։ Չգիտեմ՝ Աժ էթիկայի հանձնաժողովը ինչ կորոշի, բայց իմ կարծիքն է, որ պետք է կարգ ու կանոն մտցնել մեր լրատվության ու պատգամավորների  փոխհարաբերությունների մեջ։ Եթե ձեզ թույլ են տվել ԱԺ տարածք, դա չի նշանակում, որ պատգամավորին որտեղ ուզեք, դիմացը փակեք՝ ասեք չէ ինտերվյու ես տալու»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Նշենք, որ այսօր Ազգային ժողովի Էթիկայի մշտական հանձնաժողովում պետք է քննարկվեր Մհեր Սեդրակյանի՝ լրագրողին հայհոյելու հարցը, սակայն նիստը հետաձգվեց քվորում չլինելու  պատճառով։  

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ լրագրողական երեք կազմակերպություններ՝ «Մեդիա եւ իրավունք», «Ազատ լրագրողների ասոցիացիա» եւ «Լրագրողների միավորում» ՀԿ-ները դիմել են ԱԺ Էթիկայի հանձնաժողովին՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի («Թոխմախի Մհեր») կողմից լրագրողին հայհոյելու դեպքի վերաբերյալ՝ հիմք ընդունելով «Ա1+» հեռուստաընկերության տեսանյութը:

Մհեր Սեդրակյանը փետրվարի 19-ի արտահերթ նիստի ժամանակ լրագրողներին «նախիր» էր անվանել, որից հետո հայհոյել էր իրենից պարզաբանում խնդրող լրագրողին: