Թուրքիայի Էրզրում նահանգի Աշքալեում օրեր առաջ Աշքալեն հայերից բռնագրավելու առթիվ կազմակերպված «միջոցառման» ժամանակ հայերի հասցեին վիրավորական արտահայտություններ արած Աշքալեի քաղաքապետը պնդել է, թե ինքը կարդացել է մի տեքստ, որը նախկին քաղաքապետերն են փոխանցել։
Ստամբուլի հայկական «Ակոս»-ի հետ զրույցում Աշքալեւի քաղաքապետ Էնվեր Բաշարանը հայտնել է, թե միջոցառման ժամանակ իրեն տված տեքստին ինքը ծանոթ չի եղել եւ կարդացել է առանց բովանդակությանը ծանոթանալու։ «Այդ տեքստը փոխանցվել է մի քաղաքապետից մյուսին եւ իմ սխալն է եղել, որ ես այն չեմ ուսումնասիրել։ Ես ընդունում եմ, որ տեսքոտւմ եղել են վիրավորական արտահայտություններ։ Ես այդ տեքստն ամբողջությամբ փոխելու եմ»,-ասել է քաղաքապետը։
Էնվեր Բաշարանը նշել է, թե ինքը լավ գիտի, որ հայերը բնիկ ժողովուրդ են եւ երկար տարիներ թուրքերի հետ եղբայրաբար ապրել են։ «Ես մշտապես պայքարել եմ ռասիզմի ու այլատյացության դեմ եւ հնարավոր չէ, որ ես նման տեքստի բովանդակությունը պաշտպանեմ։ Ես ուզում եմ, որ բոլորն իմանան, որ ես հայերին թշնամի չեմ համարում։ Հայերն ու թուրքերը պատմության մեջ շատ դառնություններ են տեսել եւ հիմա եկել է բարեկամության ժամանակը»,-ասել է Աշքալեի քաղաքապետ Էնվեր Բաշարանը։
Նշենք, որ Մարդու իրավունքների հարցերով կազմակերպության Ստամբուլի մասնաճյուղը հայերին վիրավորելու համար դատական հայց է ներկայացրել Աշքալեի քաղաքապետի դեմ։





























