Քաղաքական և հասարակական գործիչ, արցախյան ազատամարտի հերոս Սմբատ Այվազյանը այսօր՝ մարտի 10-ին կդառնար  57 տարեկան: Նրա զինակից ընկերներն ու հարազատներն այսօր՝ մարտի 10-ին, այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ նրա շիրիմին:

«Նա հայրենիքի իսկական նվիրյալ էր, երբ կռիվը սկսվեց, նա գնաց Ղարաբաղ ու մինչեւ կռվի ավարտը մնաց Ղարաբաղում: Միշտ ասում էր՝ հաղթելու ենք, ու հաղթեց. իր ղեկավարած «Մեծն Տիգրան» ջոկատով  մասնակցելով Շուշիի ազատագրմանը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սմբատ Այվազյանի քույրը՝ Ռուզաննա Այվազյանը:

Զինակից ընկերների խոսքով՝ արցախյան ազատամարտի հերոս լինելուց բացի Սմբատ Այվազյանը նաեւ պետականակառույց մարդ էր:

«Սմբատ Այվազյանը Երրորդ Հանրապետության հիմնադիրներից է, պետականակառույց մարդ: Նա երկար կմնա իր հարազատների, մարտական ընկերների հիշողություններում: Նա չի մահացել, նա ապրում է մեր հիշողություններում, որովհետեւ անմահ է նրա սխրանքը հայրենիքի պաշտպանության գործում»,- ասաց զինակից ընկերներից մեկը: