Արաբկիրի արդեն նախկին թաղապետ Հրայր Անտոնյանը նշանակվել է քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր՝ մարտի 10-ին, աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցների եւ ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության շրջանակում ներկայացրել է վարչության նորանշանակ պետին:
Շնորհակալություն հայտնելով վարչության նախկին պետ Կառլեն Ղազարյանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար, քաղաքապետն ընդգծել է, որ այն եղել է սրտացավ եւ հաջողված: Հատկանշելով մայրաքաղաքի համար ոլորտի կարեւորությունը, Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ այս ոլորտում դեռ անելիքներ կան. «Անելիքները դեռ շատ են, որոնք պետք է հասցնենք ավարտին: Մեր բնակիչների պահանջներն օրեցօր ավելի են մեծանում, ինչը կրկնակի պատասխանատվություն ու հետեւողական աշխատանք է պահանջում: Վստահ եմ, որ Հրայր Անտոնյանի փորձառությունը համատեղելով թիմային աշխատանքի հետ, կկարողանանք տեսանելի լուրջ հաջողություններ արձանագրել»:
Հրայր Անտոնյանն իր հերթին նշել է, որ կաշխատի արդարացնել քաղաքապետի վստահությունն ու կանի առավելագույնը ոլորտում առկա խնդիրներին շուտափույթ լուծումներ տալու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Հրայր Անտոնյանն ազատվել է Արաբկիրի թաղապետի պաշտոնից, նրան փոխարինել է Հովհաննես Վարդանյանը:




























