Ռուսաստանի հետ բանակցություններում գազի գինը 165 դոլար պահպանելը օրակարգի հարց է։ Այս մասին մարտի 10-ին կայացած Կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։
Հարցին, թե կարող է արդյոք գինը պարբերաբար նվազել, Քոչարյանը պատասխանեց. «Դա արդեն առաջիկա բանակցությունների հարց է»։ Անդրադառնալով Հայաստանի եւ Ռուսաստանի հանդիպմանը՝ փոխարտգործնախարարը նշեց, որ նման ցանկացած հանդիպում ինչ-որ արդյունքի է հանգեցնում։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը մինչեւ այս տարվա մարտի վերջը երկարաձգել էր Հայաստանի համար գազի ցածր գինը (հազար խմ-ի դիմաց 189 դոլարի փոխարեն՝ 165 դոլար) «Գազպրոմ Արմենիայի» վնասները փոխհատուցելու եւ Հայաստանում գազի սակագինը նախկին մակարդակում պահպանելու համար:





























