Ընտրական օրենգրքի նախագծով համամասնական ռեյտինգային քվեարկությունը քողարկված մեծամասնական ընտրակարգ չէ, ինչպես պնդում են որոշ ընդդիմադիր գործիչներ: Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:։

«Սա համամասնական ընտրակարգ է,  որն ունի իր տարբերակները, նաեւ ունի իր բացատրությունը նաեւ ունի քաղաքական համակարգի ներքին ժողովրդավարություն՝ մեր քաղաքացիների մասնակցությամբ»,-նշել է պատգամավորը:

Նրա խոսքով, մեր քաղաքական համակարգի պարագայում, կուսակցությունների ղեկավարները միանձնյա էին գրեթե որոշում  թեկնածուների ցանկը, քաղաքացին որեւէ հնարավորություն չուներ իր ցանկացած մարդուն ուղարկել խորհրդարան։ «Ռեյտինգայինի դեպքում քաղաքացուն հնարավորություն ես տալիս մասնակցելու, թե տվյալ կուսակցությունից ում է տեսնում պատգամավոր, սա ներքին ժողովրդավարություն է»,-ընդգծել է Վարդանյանը:

Դիտարկմանը, թե արդյոք ռեյտինգային մոդելի դեպքում չի խաթարվում կուսակցական համակարգի կայացման գաղափարը, քանի որ կրկին նույն օլիգարխների, փողատերերի միջոցով է տեղերում կուսակցությունը ձայներ ապահովելու, դաշնակցական պատգամավորը պատասխանեց. «Ես հակառակը կասեմ, եթե Դուք պիտի քվեարկեք Աղվան Վարդանյանի օգտին, դուք պիտի քվեարկեք նախ Դաշնակցության օգտին, որպեսզի կարողանաք ձայն տալ Աղվան Վարդանյանին։ Այսինքն՝ չեք կարող ընտրել ձեր ուզած պատգամավորին, եթե չեք քվեարկում Դաշնակցության օգտին»։

Նշենք, որ համամասնական ռեյտինգային մոդելը ենթադրում է, որ բացի կուսակցությունների համամասնական ցուցակներից պետք է լինեն նաեւ կուսակցական ցուցակներ յուրաքանչյուր ընտրական տարածքի համար: Այդ ցուցակում կլինեն կուսակցության թեկնածուների անուններ, որոնց ընտրելով քաղաքացին ձայն է տալիս նաեւ տվյալ կուսակցությանը:

Ընդդիմությունը պնդում է, որ ընտրությունները լինեն միայն համամասնական ցուցակներով, ինչպես եղել է մինչեւ այժմ համամասնական ընտրակարգով ընտրությունների ժամանակ: