Վրաստանում դպրոցների ուսուցիչների մեծ մասը նորից չի կարողացել հաղթահարել նվազագույն մասնագիտական որակավորման շեմը։ «Բիզնեսկոնտակտի» տեղեկություններով՝ վերջին առարկայական քննությունը տեղի է ունեցել հունվարին։ Քննության մասնակցության համար գրանցվել էր 10 552 մանկավարժ, որոնցից թեստավորումն անցել են 6477-ը, իսկ նվազագույն որակավորման շեմը, որը 60 տոկոսն է, հաղթահարել է 1101 մանկավարժ, այսինքն՝ 17 տոկոսը։
Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ ամենաանմխիթար արդյունքը գրանցել են տարրական դասարանների ուսուցիչները։ Քննության եկած 1167 մանկավարժներից միայն 94-ն են հաստատել իրենց որակավորումը։
Մաթեմատիկա առարկայից մանկավարժների միայն 7 տոկոսն է հանձնել քննությունը, իսկ վրացերեն լեզվի եւ գրականության առարկայի որակավորման քննությունը հանձնել է ուսուցիչների 15 տոկոսը։
Բնագիտություն առարկայից քննությունը հանձնել է ուսուցիչների 9 տոկոսը, ֆիզիկայից՝ 19 տոկոսը, քիմիայից՝ 17 տոկոսը։ Անգլերենի որակավորման քննությունը հանձնել է 458 մանկավարժներից 83-ը։ Ըստ հաղորդվող տեղեկությունների՝ ռուսաց լեզվի քննությունը հանձնել է ուսուցիչների 55 տոկոսը։




























