Իշխանությունը պատրաստ է ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումների ժամանակ զիջել ընդդիմության կառուցողական առաջարկներին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։
Անդրադառնալով ձաստին, որ Ընտրական օրենսգիրքը Վենետիկի հանձնաժողով է ուղարկվել նախքան ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ այն քննարկելը, Մելիքյանն ասաց. «Նախագիծը պատրաստող հանձնաժողովի կողմից արդեն այն ներկայացվել է պատշաճ ձեւով։ Նախնական տեսքն էր ուղարկվել Վենետիկի հանձնաժողովին, որից դեռեւս պատասխան չստացված լրամշակված տեքստը հրապարակվեց»:
ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով, ընտրական օրենսգրքի վերաբերյալ ընդդիմության առաջարկներից որոշները կարող են հավի առնվել քննարկումների ժամանակ. «Կարող են ընդգրկվել, կարող են չընդգրկվել։ Բոլոր չընդգրկվածների համար կտրվեն համապատասխան բացատրություններ, իսկ որոնք որ կընդգրկվեն, կտրվեն պատասխանները»։
Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակման վերաբերյալ ընդդիմության պահանջին, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ այդ պահանջը հակասահմանադրական է: «Եթե Վենետիկի հանձնաժողովը դիմի միջազգային կառույցներին ու քվեարկության գաղտնիությունը այլեւս դառնա հրապարակային, գրանցման գաղտնիությունը եւս ու դա դառնա միջազգային նորմ, կարծում եմ՝ դժվարություն չի առաջացնի, որ ցուցակները հրապարակվեն»,-ասաց նա:
Անդրադառնալով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պնդմանը, որ Վենետիկի հանձնաժողովի սահմանված կարգը կարող է փոփոխվել տվյալ երկրի իշխանությունների կողմից՝ հօգուտ վստահության բարձրացման, ինչպես Մեծ Բրիտանիայում, որտեղ հրապարակվում են ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները, Գագիկ Մելիքյանն ընդգծեց. «Կարող է վերանայվել, եթե մեր Սահմանադրությանը դա չի հակասում, եթե հակասում է, չի կարելի վերանայել»։



























