Քաղաքացի Գագիկ Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ծառայող Էդվարդ Ա.-ն կեղծ տվյալներ է ներկայացրել անձնագրային բաժանմունք՝ որդու կողմից տնակում չբնակվելու վերաբերյալ, որի հետեւանքով վերջինս չի կարողացել ստանալ զինվորական գրքույկը եւ զրկվել է անվճար բուժօգնություն ստանալու հնարավորությունից:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի շրջանակներում` ՀՀ ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների, հիշյալ տնակի հարեւանությամբ գտնվող բնակիչների բացատրություններով պարզվել է, որ նշված տնակում որեւէ մեկը չի բնակվում: Բացի այդ, Գյումրիի քաղաքապետարանից եւ հետաքննական մարմնից ստացված նույնաբովանդակ գրություններով հաստատվել է, որ քաղաքացի Գագիկ Գ.-ի հաղորդման մեջ նշված հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը: Արդյունքում` նախապատրաստված նյութերով հիմնավորվել է, որ քաղաքացի Գագիկ Գ.-ն հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է ՀՀ ոստիկանության Մուշի բաժնի ծառայողին:
Գագիկ Գ.-ի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:




























