Հանրային խորհուրդն առաջարկել է հետաձգել ցորենի ալյուրի պարտադիր հարստացման ծրագիրը:
Հանրային խորհրդից NEWS.am-ին հայտնում են, որ ցորենի ալյուրի պարտադիր հարստացման հարցի վերաբերյալ Հանրային խորհուրդը բազմաթիվ քննարկումներ է անցկացրել ինչպես շահագրգիռ կողմերի եւ մասնագետների հետ, այնպես էլ ՀԽ փոքր խորհրդի նիստերի ընթացքում: Հաշվի առնելով, որ հարցի լուծման հիմնական բաղկացուցիչ մասն է կազմում գիտական կողմը, Հանրային խորհուրդը դիմել է նաեւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, որպեսզի ակադեմիայի գիտական կենտրոններում եւս հարցը քննարկվի եւ ներկայացվի դիրքորոշում
Հանրային քննարկումներից եւ բազմաթիվ կարծիքներ լսելուց հետո հարցի վերաբերյալ ձեւավորվել է ՀԽ ընդհանուր եզրակացությունը.
1. Նպատակահարմար եւ հիմնավորված չէ ծրագրի իրականացման մեթոդը, որով բնակչության թիրախային խմբի առողջական խնդիրն առաջարկվում է լուծել ողջ բնակչության ներգրավման միջոցով: Մինչդեռ բնակչության որոշակի շերտի համար դա կարող է վնասակար լինել, քանի որ կան իրար հակասող գիտական հետազոտություններ եւ կարծիքներ: Ամբողջ ծավալով հետազոտված չեն նաեւ տարածաշրջանի տեղային առանձնահատկությունները:
2. Չկա որեւէ լուրջ հետազոտություն չափաբաժնի վերաբերյալ, ըստ որի տվյալ չափաբաժինը արդյունավետ կլինի հասարակության այն շերտի համար, որը դրա կարիքն ունի, բայց միաժամանակ չի վնասի մյուսներին: Անհասկանալի է, թե ինչպես պետք է որոշվի չափաբաժինը, երբ կա բնակչության մի շերտ, որը գրեթե հաց չի օգտագործում (դիետիկ կամ այլ նպատակներով), իսկ բնակչության մի շերտի համար էլ հացը հիմնական սնունդն է:
Անորոշ են նաեւ չափաբաժնի վերահսկման մեխանիզմները:
3. ՀՀ առողջապահության նախարարությունը փորձում է իրականացնել ծրագիրը` շատ անգամ առաջ մղելով այն միտքը, որ սա մասնագիտական հարց է, եւ հասարակությունն ունակ չէ ընկալելու, մինչդեռ հայտնի է, որ աշխարհի տարբեր երկրներում այս հարցի վերաբերյալ կան հստակ տարակարծություններ: Վերջիվերջո, եթե անգամ ծրագիրն օգտակար է ու ճիշտ, ապա նպատակահարմար չէ այն իրականացնել բնակչության մեծ մասի կողմից բացասական կարծիքի պայմաններում: Անհրաժեշտ է նախ հասարակությանը հիմնավոր փաստարկներով համոզել, որ ծրագիրն արդյունավետ է ու վտանգներ չի պարունակում, ապա նոր իրականացնել այն:
Հաշվի առնելով այս մտահոգությունները` Հանրային խորհուրդը գտնում է, որ նպատակահարմար է.
ա) ծրագրի իրականացումը հետաձգել, մինչեւ լուրջ գիտական փորձաքննություններ ու հետազոտություններ անցկացվեն:
բ) այնուամենայնիվ բուժիչ նպատակներով արտադրել որոշ քանակությամբ հարստացված ալյուրով հացամթերք` փաթեթավորման մեջ հատուկ պիտակի առկայությամբ, եւ համապատասխան բացատրական աշխատանք կատարել, որպեսզի թիրախային խմբերի կողմից այն կիրառվի:



























