ՀՀ վերաքննիչ դատարանի շենքի վրա այսօր՝ մարտի 12-ին ձվեր նետելուց հետո բերման ենթարկված ակտիվիստ, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գագիկ Եղիազարյանը ազատ է արձակվել:

Ի նշան «Նոր Հայաստանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի կալանքի որոշման դեմ բողոքի՝ ձվեր նետած ակտիվիստը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունում բացատրություն է տվել, թե ինչու է նման բան արել:

«Ինձ պարզաբանեցին, որ բերման են ենթարկել ձվեր նետելու համար, ես էլ գրեցի, որ դա քաղաքական ակցիա է, դատավորը կատարել է ոչ իրավական վճիռ, առաջնորդվել է  ցուցումներով, չունի օրենքի շրջանակում գործելու կամք, տղամարդկություն չունի օրենքով շարժվելու»,- ասաց Գագիկ Եղիազարյանը՝ նշեց, որ իրեն չեն պարզաբանել, թե որ օրենքն է խախտել ձվեր նետելով:

Ակտիվիստը նշեց, որ իր կարծիքով՝ իրեն ապօրինի են բերման ենթարկել, քանի որ բերման են ենթարկում միայն անձը ճշտելու համար, իսկ ինքը անձնագիր է ունեցել եւ դատարանի մոտ այն ցույց է տվել ոստիկաններին:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց  կալանքը վերացնելու պահանջով պաշտպանի բողոքը:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը: Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ: