Նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը նախատեսում է, որ յուրաքանչյուր կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք պետք է ներկայացնի պատգամավորի թեկնածուների համահանրապետական ու մարզային ցուցակներ: Այս մասին մարտի 11-ին ԸՕ նախագծի հանրային քննարկումների ժամանակ հայտնել է ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Նախարարի խոսքով համապետական ցուցակում ընգրկվելու են այն թեկնածուները (նվազագույնը 80, առավելագույնը՝ 100), որոնցից կազմված են ընտրատարածքների ցուցակները: Ընտրատարածքային ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր թեկնածուի անունը պետք է լինի նաեւ համահանրապետական ցուցակում: Դրանում կարող են լինել նաեւ այն թեկնածուները , որոնք ներառված չեն ցուցակներում: Մանդատների բաշխումը, շարունակել է Հովհաննիսյանը, առաջարկում են իրականացնել՝ հաշվի առնելով պատգամավորների թիվը՝ 101, գումարած Սահամանադրության երաշխավորված չորս տեղերը ազգային փոքրամասնությունների համար:

ԸՕ նախագիծը, ըստ Արդարադատության նախարարի, նախատեսում է, որ համապետական ու ընտրատարածքային ցուցակներում թեկնածուների շրջանում մանդատների բաշխումը անց է կացվելու 50-ը 50-ի սկզբունքով: