Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հոգեբանները ծնողներին կոչ են արել երեխաներին ավելի քիչ գրպանի փող տալ եւ խստացնել վերահսկողությունը նրանց ծախսերի նկատմամբ: National թերթի փոխանցմամբ, սոցիոլոգիական հետազոտությունը ցույց է տվել, որ 4-ից 14 տարեկան երեխաների մի մասը ոչ նպատակային եղանակով է ծախսում իր տրամադրության տակ գտնվող ֆինանսական միջոցները: Ընդ որում, նախընտրությունը տրվում է ոչ թե գրքերին կամ այլ օգտակար գնումների, այլ համակարգչային խաղերին եւ թվային սարքերին:
Թերթերի տվյալներով, սոցիոլոգներին հաջողվել է հարցում անցկացնել 2,5 հազար երեխայի եւ 3 հազար ծնողի շրջանում: «Էմիրություններում երեխաների մեծ մասը ամսական մինչեւ 140 դոլար է ստանում, ինչը կրկնակի ավելի է, քան տարածաշրջանի այլ երկրներում նրանց հասակակիցների ստացածը: Այդ գումարը նաեւ աճում է երեխայի տարիքի հետ,- հայտնել է փորձագետներից Թարիք Մունիրը: Նրանց 47 տոկոսն անմիջապես ծախսում է փողը, 36 տոկոսը մի մասը հետ է գցում, իսկ 17 տոկոսը կուտակում է խոշոր գնումների համար»:
Միաժամանակ մասնագետները զգուշացնում են, որ երեխաները անհրաժեշտ գիտելիքներ եւ պատասխանատվության բավարար մակարդակ չունեն միջոցները ճիշտ ծախսելու համար: Այդ պատճառով նրանք կարող են իրենց տարիքին համապատասխանող գնումներ կատարել: Այսպես, երիտասարդ գնորդները մեծ հետաքրքրություն են դրսեւորում մեծահասակների համար համակարգչային խաղերի հանդեպ:
«Նրանք գալիս են խանութ եւ գնում են, ինչ ասես,-լրագրողների հետ զրույցում ընդգծել է մանկական հոգեբան Հանին Ջարարը: Ծնողները պիտի գրպանի փողի ծախսման հստակ եւ խիստ կանոններ սահմանեն: Նախ եւ առաջ անհրաժեշտ է բացառել համացանցով բոլոր գնումները եւ որեւէ բան ձեռք բերելիս դա համաձայնեցնել ծնողների հետ»:
«Ծնողները պիտի հասկանան, թե ինչի համար են փող տալիս իրենց երեխաներին,- «Նեշնլ»-ին տված հարցազրույցում նշել է հոգեբան Շիլպի Աշտան: Եթե նրանք նախաճաշի համար են վճարում, գումարը պիտի համապատասխանի: Ցանկացած այլ գնում պիտի սահմանափակվի»:
Չնայած մասնագետների խորհուրդներին, ԱՄԷ-ի բնակիչները շարունակում են երեխաներին գրպանի փող տալ: «Եթե նրանք բավականաչափ հասուն են, ինչո՞ւ պիտի ես որոշեմ նրանց փոխարեն», - ընդգծել է ԱՄԷ-ի հպատակ Սառա Ալ-Սենաանին, գրում է ՏԱՍՍ-ը:





























