ՄԱԿ-ում Հազարամյակի զարգացման նպատակների իրագործմանը նվիրված քննարկումների ընթացքում բավական արտառոց առաջարկ է արել Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին։ La Repubblica թերթի հաղորդմամբ՝ Ն. Սարկոզին առաջարկել է հարկ սահմանել միջազգային ֆինանսական գործառույթների նկատմամբ։ Ֆրանսիայի նախագահը նախ հայտնել է աղքատ երկրներին ուղղվող օգնության 20 տոկոս ավելացման մասին, այնուհետեւ առաջ քաշել «ֆինանսների ինովացիայի» գաղափարը, սկսած համաշխարհային ֆինանսական գործարքների նկատմամբ հարկից, որպեսզի վճարվեն զարգացման ծախսերը աղքատ երկրներում։ «Ֆինանսներն արդեն գործում են համաշխարհային մակարդակում, այդ պատճառով ինչո՞ւ նրանք չմասնակցեն համաշխարհային տնտեսության կայունացմանը։ Հաշվի առնելով, որ բոլոր զարգացած երկրները դեֆիցիտ ունեն, մենք պետք է գտնենք ֆինանսավորման նոր աղբյուրներ։ Ֆինանսական գործառնությունների վրա հարկը կարող է ամրապնդել մեր պայքարը աղքատության դեմ, օգնել կրթությանը, ապահովել բժշկական օգնություն խոշոր էպիդեմիաների ժամանակ»,- ասել է Ն. Սարկոզին։ Նա նշել է, որ այս գաղափարը առաջ կքաշի նաեւ հաջորդ տարի Ֆրանսիայում տեղի ունենալիք G8 եւ G20 գագաթաժողովների ընթացքում։

Ֆրանսիայի նախագահի առաջարկը պաշտպանել է Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Սապատերոն, որը որպես այլընտրանք առաջարկել է ավիատոմսերի նկատմամբ ունիվերսալ հարկ սահմանել։ Սարկոզիի առաջարկը աջակցություն է գտել նաեւ Գերմանիայի, Բրազիլիայի եւ Նորվեգիայի կառավարությունների կողմից։ Սակայն փորձագետները անհաղթահարելի են համարում ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի առարկությունը, որոնք ունեն աշխարհում ամենաակտիվ ֆինանսական հրապարակները։