Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Սիրիայից զորքը դուրս բերելու որոշումը կարող է կառուցողական քայլ դառնալ ավելի կայուն խաղաղության ուղղությամբ, բայց կարող է բխել նաեւ գործնական անհրաժեշտությունից «անորոշ ժամանակով չխրվելու սիրիական ճահճում: Ինչպես պարզել են Միացյալ Նահանգները, ավելի հեշտ է մտնել պատերազմի մեջ, քան դուրս գալ դրանից»: Այդ մասին ասված է «The New York Times»-ի խմբագրական հոդվածում:
Հեղինակների խոսքով, ամերիկացի պաշտոնատար անձինք ապշել են այդ որոշման ժամանակից եւ վստահ չեն, թե դա ինչպես կազդի ռուսաստանյան ռազմական գործողության չափի եւ ծավալի վրա:
Պուտինի որոշման մեկնաբանություններից մեկն այն է, որ այն արտացոլում է երկարաձգված միջամտությունից աճող հոգնածությունը: «Օբամայի վարչակազմում բարձրաստիճան պաշտոնատար անձինք պնդում են, որ Մոսկվայի միջամտությունը կարող է չկանխամտածված հետեւանքներ ունենալ` հակամարտության ճահճում Ռուսաստանի ներքաշման եւ ամբողջ տարածաշրջանում սուննիներին խրտնեցնելու առումով. գին, որը պ-րն Պուտինը գուցե պատրաստ չէ կամ էլ ի վիճակի չէ վճարել»,- նշում են հեղինակները:
Հոդվածում ընդգծվում է, որ Սիրիայում Ասադի դիրքերը դեռեւս երերուն են, իսկ Ռուսաստանի վրա ազդում են նավթի անկում ապրող գները, ինչպես նաեւ ԵՄ-ի պատժամիջոցները:
Հեղինակները հիշեցնում են, որ Պուտինի հայտարարությունը համընկել է Ժնեւում ՄԱԿ-ի միջնորդությամբ խաղաղ բանակցությունների վերսկսմանը, այնպես որ տվյալ որոշման ազդարարման ժամանակը կարող է էական լինել: «Դիվանագիտական ջանքերն ուժեղացնելու հրամանին ի հավելումն, պ-րն Պուտինը գուցե պ-րն Ասադին ասել է, թե եկել է խաղաղ կարգավորմանն ընդդիմանալուց հրաժարվելու ժամանակը»,- կարծում են նրանք:





























