Արցախում մարտի 17-ին հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Վարդերեսյանի սպանության դեպքի առթիվ Զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ:
Նշենք, որ Արտյոմ Վարդերեսյանը Լոռու մարզի Կաթնաջուր գյուղից էր, ծնողների միակ որդին էր, երկու քույր ուներ: Արտյոմը երեք ամսից կավարտեր ծառայությունը:
Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2016 թվականի մարտի 17-ին, ժամը 14:55-ի սահմաններում հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Արտյոմ Արսենի Վարդերեսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:



























