ԼՂՀ Պաշտպանության բանակի զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով մահացած 19-ամյա ժամկետային զինծառայող Հովհաննես Հարությունյանը ընտանիքին օգնելու համար կիսատ էր թողել ուսումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա ընկերներից Գեւորգը:

«Նա լավ էր սովորում դպրոցում, բայց ընտանիքին օգնելու եւ գումար աշխատելու համար դուրս եկավ դպրոցից, սկսեց անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ զբաղվել: Ամեն ինչ անում էր, որ օգներ հորն ու մորը, կարողանար պահել երկու քրոջը: Շատ բարի, հարգված ու խելոք տղա էր»,-ասաց նրա ընկերը:

Գեւորգի խոսքով, Հովհաննեսը նպատակասլաց երիտասարդ էր, ուներ շատ երազանքներ, որոնք այդպես էլ չհասցրեց իրականացնել. «Չնայած շատ վատ պայմաններում էին ապրում, բայց երբեք չէր հուսահատվում, անընդհատ աշխատում էր՝ ընտանիքին այդ վիճակից դուրս բերելու համար»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հովհաննեսը երկու քույր եւ մեկ եղբայր ունի, ինքն ընտանիքի երրորդ երեխան էր: Նա սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքից էր, բնակվում էին Աշտարակի Մուղնի թաղամասում, զբաղվում անասնապահությամբ: Նրանք տուն չունեն, ապրում են ծանր պայմաններում:

Նշենք, որ Հովհաննեսը ծնունդով Արմավիրի մարզի Արեւիկ գյուղից էր, նրանց ընտանիքը տարիներ առաջ Արեւիկից տեղափոխվել է Աշտարակ:

Զինծառայողը զոհվել է մարտի 17-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: