Boeing-ի ղեկավարությունը հայտնել է, որ Դոնի Ռոստովում կործանված օդանավի գործով ռուսական կողմին տեխնիկական խորհրդատվություն տալու համար հանձնաժողով է ստեղծում: Այս մասին ասված է ընկերության հայտարարության մեջ:

«Boeing-ը տեխնիկական խորհրդատվությունների թիմ է ստեղծում Միջազգային ավիացիոն հանձնաժողովի հետաքննության համար»,- ասված է հայտարարության  մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում այսօր՝ մարտի 19-ին, տեղի ժամանակով 03։50-ին կործանվել է FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղեւորատար օօդանավը, որը ժամանում էր Դուբայից: Օդանավը վայրէջքի ժամանակ ընկել է եւ այրվել, որի հետեւանքով զոհվել են բոլոր 55 ուղեւորները,  եւ անձնակազմի 7 անդամները: Օդանավն ընկել է թռիչքուղուց 50-100 մետր հեռավորության վրա, որի հետեւանքով այն մի քանի մասի է բաժանվել: