ԱՄՆ Ֆլորիդա նահանգում դատարանը դերասան եւ շոումեն Թերրի Բոլեային (հայտնի Հալք Հոգան անունով) 115 մլն դոլարի չափով փոխհատուցում վճարելու մասին որոշում է կայացրել՝ Gawker կայքի կողմից տեսանյութի հրապարակման համար, որում շոումենը սեքսով է զբաղվում իր ընկերոջ կնոջ հետ:
Հոգանի փաստաբաններին հաջողվել է ապացուցել, որ պարբերականը ներխուժել է դերասանի անձնական կյանք: Ըստ ՏԱՍՍ-ի, Բոլեան Twitter-ի իր էջում շնորհակալություն է հայտնել Աստծուն արդարության համար:
Gawker-ի ներկայացուցիչները հայտարարել են դատարանի վճիռը բողոքարկելու մտադրության մասին:
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, այս դատավարությունը համարվում էր պայքար լրատվամիջոցների ազատության կողմնակիցների եւ նրանց միջեւ, ովքեր կարծում են, որ հայտնիները պետք է անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունք ունենան:
Տեսանյութը, որում Բոլեան եւ Հիզեր Քլեմը՝ նրա ընկերոջ՝ ռադիոհաղորդավար Թոդ Քլեմի կինը, սեքսով են զբաղվում, արվել է 2005 թվականին: Տեսանյութը նկարահանել էր հենց Թոդ Քլեմը: Gawker կայքն այն հրապարակել էր 2012 թվականին:




























