Դոնի Ռոստովում վայրէջքի ժամանակ կործանված Boeing 737–800 ինքնաթիռի օդաչուն աղետից առաջ հասցրել է bye-bye ասել:

Կարգավարների հետ օդաչուների զրույցը հանգիստ է եղել, անձնակազմը որեւէ խնդրի մասին չի հաղորդել: Օդաչուները հարցրել են նաեւ եղանակի մասին, ինչին ի պատասխան՝ նրանց զգուշացրել են «քամու չափավոր փոփոխության» եւ «ուժեղ մրրկաշարժման» մասին:

Ըստ NTV-ի, դրանից հետո օդաչուն հաղորդել է երկրորդ շրջապտույտը կատարելու մասին եւ հրաժեշտ տվել: Aviasafety կայքը հրապարակել է խոսակցության վերծանման թարգմանությունը:

Օդաչու. «Գնում եմ երկրորդ շրջանի, Sky Dubai 981» (Going around, Sky Dubai niner eight one):

Կարգավար. «Sky Dubai 981, աշխատեք Ռոստովի ռադարի հետ» (Sky Dubai niner eight one, contact Rostov Radar … decimal two):

Օդաչու. «1212, ցտեսություն» (One two one two, bye-bye):

FlyDubai ավիաընկերության Boeing 737–800 օդանավը Դոնի Ռոստովի միջազգային օդանավակայանում կործանվել է մարտի 19-ին՝ փորձելով ուժեղ քամու պայմաններում վայրէջք կատարել: Շուրջ երկու ժամ օդանավը պտտվել է օդանավակայանի վրա, իսկ հետո վայր ընկել թռիչքուղու հարեւանությամբ: Օդանավում 55 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ կար: Բոլորն էլ զոհվել են: