Ավստրալիան Մեծ արգելախութի սպառնալիքի մակարդակը բարձրացրել է մինչեւ առավելագույն աստիճանի։ Մարջանե խութը գունազրկվում է. այդ գործընթացն հիմա ընթանում է վերջին 14 տարվա ամենաարագ տեմպերով։

Ավստրալիայի իշխանությունները գունազրկման աստիճանը գնահատում են որպես «բարձր»։ Դա պայմանավորված է գլոբալ տաքացման հետեւանքով օվկիանոսի ջերմաստիճանի աճով եւ Էլ Նինյո հոսանքի ազդեցությամբ, հայտնում է BBC-ն։

Նման երեւույթ նկատվել էր նաեւ 1998 եւ 2002 թվականներին, երբ ջրի ջերմաստիճանը էլ Նինյոյի պատճառով աճել էր։ Այդ տարիներին մարջաններն ավելի արագ տեմպերով էին  գունազրկվում։

Մեծ արգելախութը ձգվում է 2.3 հազար կմ։ Խնդիրը հատկապես սուր է խութի հյուսիսային հատվածում, պարզաբանել է Ավստրալիայի շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Գրեգ Հանթը։

Մեծ արգելախութի ծովային պարկի վարչությունից հայտնել են, որ սպառնալիքի մակարդակի բարձրացումից հետո իրենք կարող են հետաքննություն սկսել, որպեսզի հասկանան, թե ինչ է կատարվում մարջանների հետ, փոխանցում է AFP-ն։