Անցած տարվա ամռանը մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը հերքում է մեղադրյալ Շուշանիկ Բախշյանի փաստաբանների պնդումը, թե Մերի Մարգարյանի հիվանդության փաստաթղթերում բարձր ջերմության մասին ոչինչ չկա:

«Հիվանդության փաստաթղթերում կա, որ հուլիսի 23-ին Մերի Մարգարյանը SMS է գրել, որ 37 աստիճան ջերմություն ունի: Հաջորդ օրը գրանցված է, որ պարացետամոլ է խմել եւ 37.8 ջերմություն ունի այդ պահին: Հուլիսի 25-ին Մերի Մարգարյանն ունեցել է 39.5 ջերմություն: Հուլիսի 26-ին ունենք կարդիոլոգի եզրակացությունը, որ Մերի Մարգարյանը չորս օր ունեցել է 39.4 աստիճան ջերմություն»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարինե Թովմասյանը:

Նշենք, որ ըստ գործով մեղադրյալ Շուշանիկ Բախշյանի փաստաբանների` հուլիսի 24-ին Մերին զանգահարել է բժշկուհուն, ասել, որ ջերմություն է ունեցել, ոչ թե ունի. Բախշյանն անմիջապես նրան կանչել է հիվանդանոց, ուղարկել հետազոտությունների, սակայն ջերմության պատճառներ՝ թոքերում խնդիրներ, արյան մեջ վարակներ եւ այլն, չեն հայտնաբերվել:

Մարինե Թովմասյանը կարծիքով` կամ Ալեքսանդր Սիրունյանն ու Կարեն Կիրակոսյանը չունեն փաստաթղթերը, կամ ոչ ճիշտ տեղեկություն են փոխանցում, կամ էլ պետք է նորից աչքի անցկացնեն փաստաթղթերը. «Փաստաբաններն ասում են նաեւ` Մերի Մարգարյանը մահացել է HELLP-ից: Նախ ես պաշտոնապես հայտարարում եմ, որ չկա նման բան: Բացի դրանից, սա հիվանդություն չէ, այլ համախտանիշ»:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն եւ վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։ 2015 թվականի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն հերթական կոնսուլտացիայի համար եւ տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան: 2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական եւ մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող եւ հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաեւ՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետեւանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի եւ գլխուղեղի այտուցից մահացել է նաեւ նրա նորածին դուստրը: Շուշանիկ Բախշյանին եւ Անի Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: