Բաթման նահանգի Սասուն գավառում գտնվող Գոմք պատմական վանքը եւ հայկական գերեզմանոցներն այլեւս ենթակա են ոչ թե Չայըրլը, այլ` Մեշելի գյուղին: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը` հիմնվելով «Բաթման» թերթում հրապարակված տեղեկատվության վրա:
Աղբյուրի համաձայն` 2007 թ. կադաստրային աշխատանքների ընթացքում Գոմք վանքի` Չայըրլի գյուղում գրանցվելու պատճառով տեղացի հայերի հարուցած դատական գործի քննությունն ավարտվել է: Ըստ կայացված դատավճռի` Գոմք վանքը եւ նրա շրջակայքում գտնվող հայկական գերեզմանները վերստին ընդգրկվել են Սասուն գավառի Մեշելի (Գոմք) գյուղում:
Սույն դատական գործը հարուցվել էր 2007 թ., Սասունի, Մուշի, Բիթլիսի հայերի միության կողմից, որի նախագահ Ազիզ Դաղջըն թերթի հետ զրույցում մասնավորապես նշել է. «Մեր կողմից եղած առարկության եւ տեղի ունեցած դատավարության արդյունքում Գոմք եկեղեցին եւ մեր մյուս պաշտամունքի վայրերն ընդգրկվել են Մեշելի գյուղի կազմում: Արդեն իսկ դա էր ճիշտը»:
Տեղի հայերը նաեւ ցանկանում են, որ սույն պատմական վանքում, «թեկուզ եւ խորհրդանշական կերպով, գեթ մեկ անգամ պատարագ մատուցվի»:





























