Ալյասկայում 28 տարվա մեջ առաջին անգամ թիթեռի նոր տեսակ են հայտնաբերել։ Այն կոչվում է Oeneis tanana։ Այս մասին հայտնում է Journal of Research on the Lepidoptera ամսագիրը, փոխանցում է Lenta-ն։
Թիթեռը կարող է լինել Արկտիկայի միակ էնդեմիկը։ Միջատաբան Էնդրյու Ուորենի կարծիքով Oeneis tanana-ն իր երկու ազգակից տեսակների խաչասերման արդյունք է։
Յուկոն եւ Տանանա գետերի ավազանի փշատերեւ եւ կաղամախու անտառները սառույցներից ազատվել էին 28-14 տարի առաջ։ Այդ ժամանակ Oeneis chryxus եւ Oeneis bore թիթեռները սկսել էին խաչասերվել, եւ նրանց սերունդը ժամանակի հետ առանձնացել էր եւ առանձին տեսակ ձեւավորել, որը կոչվում է Oeneis tanana։ Ամենայն հավանականությամբ վերջին սառցե դարաշրջանի ամենախիստ տարիներին վերջին 2 տեսակները մնացել էին Բերինգիայում, իսկ առաջինը տեղափոխվել էր հարավ։
Թիթեռի նոր տեսակը 60 տարի թաքնվում էր կենդանաբաններից։ Այդ տեսակը չէին կարողանում տարբերել Oeneis chryxus-ից։ Ուորենը նկատել էր նրանց թեւերի ներսի հատվածում սպիտակ հետքերը եւ Oeneis tanana-ի ավելի խոշոր չափն ու մուգ երանգավորումը։ Թիթեռը նաեւ յուրահատուկ ԴՆԹ ունի, որը գրեթե համընկնում է Oeneis bore-ի ԴՆԹ-ին եւ մատնանշում է երկու տեսակների խաչասերման հանգամանքը։



























