Մարդիկ համբույրի ընթացքում աչքերը փակում են, որովհետեւ ուղեղն ի վիճակի չէ շոշափողական (շրթունքների եւ լեզվի հպումից) զգացողություններ մշակել տեսողականների հետ միաժամանակ: Նման եզրակացության են հանգել բրիտանացի գիտնականները, որոնք իրենց հետազոտությունը ներկայացրել  Journal of Experimental Psychology. Human Perception and Performance ամսագրում:

Միաժամանակ, ինչպես գրում է The Telegraph պարբերականը, հետազոտությունը համբույրների հետ կապված փորձեր չի ներառել: Գիտնականները մասնակիցներին խնդրել են էկրանին որոշ բառեր փնտրել` միաժամանակ նրանց աջ կամ ձախ աչքը ենթարկելով թրթիռի ազդեցությանը: Պարզվել է, որ ուղեղի համար առավել բարդ տեսողական առաջադրանքը էականորեն թուլացնում է զգայունությունը շոշափողական գրգռիչների հանդեպ: 

«Նոր հայտնագործությունը կարեւոր է, որովհետեւ վթարային ազդանշանային համակարգերում հաճախ են շոշափողական տվյալներ կիրառվում:  Օրինակ` շատ մեքենաներ վարորդներին թրթիռներով տեղեկացնում են հաջորդ գոտի պատահական անցման մասին: Եթե վարորդներն այդ ընթացքում ուշադիր նայում են ճանապարհին տեղի ունեցողին, փնտրում են անհրաժեշտ նշանը, գուցե չզգան թրթիռը», — պատմում է հետազոտության առաջատար հեղինակ Սանդրա Մերֆին: 

Այս հայտնագործությունը նաեւ բացատրում է գրպանահատ գողերի հաջողությունը. մետրոյի քարտեզին կամ պլանշետին նայելիս` նրանց զոհերն ավելի վատ են զգում անծանոթների` իրենց գրպան մտնելը: Վերջապես` հետազոտության հեղինակներն առաջարկում են վերանայել  (ստացված եզրահանգումները հաշվի առնելով)  վարորդների եւ օդաչուների համար վթարային տեղեկացման համակարգերի կառուցվածքը, գրում է «Ռոսբալտը»: