Ամերիկյան Նյու Յորք նահանգի ավելի քան 40 միլիոնատերեր դիմել են նահանգապետ Էնդրյու Կուոմոյին եւ օրենսդիրներին՝ խնդրելով հարուստ ռեզիդենտների համար բարձրացնել հարկերը: Նրանք կարծում են, որ դա կօգնի աղքատության եւ ենթակառուցվածքների քայքայման դեմ պայքարում: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

«Ինչպես Նյու Յորքի բնակիչները, որոնք մեծ ներդրում են ունեցել նահանգի զարգացման գործում եւ շահույթ ստացել դինամիկ զարգացող տնտեսությունից, մենք նույնպես հնարավորություն ունենք եւ պարտավոր ենք արդար մասնաբաժին վճարել: Մենք կարող ենք նաեւ ավելի մեծ չափով հարկեր վճարել»,- ասված է նամակում:

Դիմումի տակ ստորագրել են, մասնավորապես, Սթիվեն Ռոքֆելլերը, Էբիգեյլ Դիսնեյը եւ Լեո Հինդերին: Նրանք կողմ են հարկերը 1%-ով բարձրացնելուն:

Ըստ Associated Press-ի, միլիոնատերերի առաջարկը կարող է դիմադրության արժանանալ նահանգի օրենսդիր մարմնում: Մեկ կողմից՝ Նահանգի վեհաժողովում մեծամասնություն կազմող դեմոկրատները հարկային համակարգի բարեփոխման սեփական նախագիծն են մշակում, մյուս կողմից՝ հանրապետականները դեմ են հարկային բեռի ավելացմանը:

Նյու Յորք նահանգում հարկման պրոգրեսիվ սանդղակ է գործում: Տարեկան 100 հազար դոլար եկամուտ ունեցողների համար դրույքաչափը 6.65% է (սրանից զատ, կա նաեւ 25%-անոց դաշնային հարկը): Իսկ եթե ռեզիդենտը տարեկան վաստանում է 1 մլն դոլար եւ ավելի, նահանգը 6.85%-ի չափով հարկ է ստանում, դաշնային կառավարությունը՝ 39.60%: