Ամերիկյան Միչիգանի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ չնայած կանանց կյանքի միջին տեւողությունն ավելին է, սակայն տարեց կանանց կյանքի որակն ավելի վատն է, քան տղամարդկանցը: Դա պայմանավորված է առողջական բազմաթիվ խնդիրներով: Հետազոտության արդյունքները հրապարակվել են American Journal of Public Health պարբերականում:

Գիտնականներն օգտվել են երկարատեւ խնամքի ամերիկյան ծառայության՝ 1982-2004 թվականների, ինչպես նաեւ ազգային առողջության եւ հաշմանդամության շուրջ հետազոտության տվյալներից: Դրանց հիման վրա նրանք գնահատել են մահացության եւ հաշմանդամության ցուցանիշները՝ կախված տարիքից, որոշակի տարիքի (30-ից մինչեւ 90 տարեկան եւ ավելի) հասնելու եւ հաշմանդամությունից խուսափելու հնարավորությունները, ինչպես նաեւ ԱՄՆ-ում բնակվող կանանց եւ տղամարդկանց ակտիվության տեւողությունը:

Ըստ Lifnews-ի, հետազոտողները պարզել են, որ ներկայում տղամարդիկ ԱՄՆ-ում 85 տարեկանում կարող են լրացուցիչ երկու տարվա ակտիվ կյանքի հույս ուենալ՝ ի տարբերություն 1982 թվականի: Միաժամանակ, կանանց մոտ այդ ցուցանիշը չի փոխվել, չնայած նրանց կյանքի միջին տեւողությունը հասնում է 81 տարեկանի, ինչը 5 տարով ավելի է, քան տղամարդկանց պարագայում:

Գիտնականների խոսքով, այս միտումը կարող է պայմանավորված լինել կենսակերպի փոփոխությամբ եւ բժշկության զարգացմամբ, ինչը նվազեցնում է տղամարդկանց մոտ սիրտ-անոթային հիվանդություններից մահացության վտանգը: Միաժամանակ, կանայք ավելի հակված են դեպրեսիայի, ոսկորների փխրունության եւ ծերունական տկարամտության: